Stratfor-ի կանխատեսումը․ 2026 թվականին Փաշինյանը կբախվի հանրային դժգոհության սրմանը

Հայաստանն ու Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, կձեռնարկեն չափավոր քայլեր՝ 2025 թվականին ստորագրված շրջանակային խաղաղության համաձայնագրի դրույթների իրականացման ուղղությամբ, ինչը կնվազեցնի երկու երկրների միջև նոր պատերազմի ռիսկը։ Այս կանխատեսումը հրապարակվել է Stratfor վերլուծական կենտրոնի կողմից։

Ըստ կենտրոնի գնահատականի՝ երկու երկրների միջև առևտրային փոխգործակցությունը կընթանա զգուշորեն։ Կողմերը կառուցեն վստահություն՝ սկսելով սահմանափակ առևտրային փոխգործակցությունից, այլ ոչ թե ձգտելով դեպի համապարփակ տնտեսական ինտեգրում։

Ներքին քաղաքականության առումով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կբախվի հանրային դժգոհության սրմանը։ Այս դժգոհությունը, հիմնականում, պայմանավորված կլինի Ադրբեջանին արվող ենթադրյալ զիջումներով և Հայ առաքելական եկեղեցու հետ լարված հարաբերություններով։

Փաշինյանը, հավանաբար, կհետաձգի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումը՝ մինչև 2024 թվականի հունիսյան խորհրդարանական ընտրություններ։ Եթե նա չվերընտրվի, խաղաղության համաձայնագրի նախագծի ճակատագիրը կդառնա անորոշ։ Սակայն, եթե նա պահպանի իշխանությունը քվեարկությունից հետո, ապա, ամենայն հավանականությամբ, իր առաջին հերթական խնդիրը կդառնա «Թրամփի ուղու» (TRIPP) իրագործումը, որը ԱՄՆ-ի և Ադրբեջանի հետ ստորագրված համատեղ հռչակագրի հիմնական մասն է։

Բաքուն, իր հերթին, կավարտի Իրանի տարածքով անցնող Արաքսյան միջանցքի իր հատվածի շինարարությունը՝ զուգահեռաբար TRIPP-ի հետ։ Այսպիսով, Ադրբեջանը կպահպանի TRIPP-ը որպես լծակ և այլընտրանք, որը Հայաստանին դուրս է թողնում տարածաշրջանային ինտեգրումից՝ վերջինիս անհամագործակցության դեպքում։

Ռուսաստանը կփորձի խոչընդոտել TRIPP-ի զարգացմանը, սակայն տարածաշրջանում նրա թուլացած դիրքը կսահմանափակի նրա կարողությունը զգալիորեն խոչընդոտելու ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի դեպի Արևմուտք շրջադարձը։