Arca-ն, Բենք օֆ Ջորջիան և Ամերիաբանկը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

Երևանում կայացած միջազգային PLUS ֆորումի շրջանակում Arca ազգային վճարային համակարգը, Բենք օֆ Ջորջիա ՋիԷսՍի-ին (Bank of Georgia JSC) և Ամերիաբանկը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։

Հուշագիրը նպատակ ունի սահմանելու կողմերի համագործակցության շրջանակները՝ ուղղված ArcaPay և Բենք օֆ Ջորջիա ակնթարթային փոխանցումների համակարգերի փոխգործունակության ապահովմանը։ Այս նախաձեռնությունը կներկայացնի հնարավորություն իրականացնել Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ ակնթարթային դրամական փոխանցումներ՝ բարձրացնելով վճարային ծառայությունների հասանելիությունն ու արագությունը։

Բացի այդ, նախատեսվում է հաստատել host-to-host կապ Arca պրոցեսինգային կենտրոնի և Ջորջիան Քարդի (Georgian Card) միջև։ Սա կներկայացնի հնարավորություն ապահովելու Arca վճարային համակարգի քարտերի սպասարկումը Վրաստանում։ Այս համագործակցությունը հնարավոր դարձավ իրականացնել Ամերիաբանկի՝ որպես փոխհաշվարկային բանկի ակտիվ դերակատարության շնորհիվ, որը կապահովի կողմերի փոխհաշվարկային հոսքերի արդյունավետ և անվտանգ սպասարկումը։

Նախաձեռնությունը միտված է ապահովելու երկու երկրների միջև վճարային ենթակառուցվածքների փոխգործելիությունը և ձևավորելու որակապես նոր մակարդակի համագործակցություն՝ ինչպես քարտային, այնպես էլ ոչ քարտային գործարքների ոլորտներում։

Ամերիաբանկը Հայաստանի տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկն է, որը թվային փոխակերպման ռազմավարության ներքո ներդնում և կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ։

Arca-ն Հայաստանի Հանրապետության ազգային վճարային համակարգն է, որն արդեն ավելի քան 25 տարի ապահովում է տեխնոլոգիական աջակցություն բանկերին։ Այն նաև հանդիսանում է ArcaPay՝ ակնթարթային փոխանցումների համակարգի, ինչպես նաև վերջերս ներկայացած միասնական ազգային QR լուծման՝ ArcaQR-ի օպերատորը։