Որպես նախկին ղեկավար, ես ստիպված եմ անդրադառնալ Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վերջին տվյալներին, որոնք, ցավոք, շարունակում են վատթարանալ։ Թեև պաշտոնական հաղորդագրություններում հաճախ նշվում է տնտեսական աճի մասին, իրական պատկերը շատ ավելի մտահոգիչ է։
Իրականում, մենք ականատես ենք լինում ոչ թե պարզապես վիճակագրական տատանումների, այլ ազգային դիմադրողականության կորստի իրական գործընթացի։
Ի՞նչ է տեղի ունենում։
1. Ժողովրդագրական լուռ փլուզում։ 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը կազմում է 3 միլիոն 90 հազար 500 մարդ։ Այս թիվը, թեև ցույց է տալիս փոքր աճ, պայմանավորված է ոչ թե բնական վերարտադրությամբ, այլ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների հաշվառմամբ։
2. Բնական աճի կտրուկ անկում։ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին երկրում ծնվել է 26 768 երեխա, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 28 109։ Սա ծնունդների -4.8%-ով նվազում է։ Բնակչության կենսունակության գործակիցը (ծնվածներ/մահեր) նույնպես նվազել է՝ 133.3%-ից 127%-ի։
3. Ամուսնությունների նվազում։ 2025 թվականի առաջին տասը ամիսների ընթացքում գրանցվել է 11 574 ամուսնություն, իսկ 2024 թվականին՝ 13 175։ Այսինքն՝ ամուսնությունների թիվը նվազել է շուրջ -12.2%-ով։ Այս փաստը խորհրդանշում է մարդկանց ապագայի նկատմամբ վստահության կորստը, ընտանիք կազմելու որոշումների հետաձգումը և ընդհանուր առմամբ՝ վերարտադրական ցանկությունների իրագործման հետաձգումը։
4. Ամուսնալուծությունների աճ։ 2025 թվականի առաջին տասը ամիսների ընթացքում ամուսնալուծությունների հարաբերակցությունը եղել է 348 դեպք յուրաքանչյուր 1000 ամուսնության դիմաց, իսկ 2024 թվականին այն 294/1000 էր։ Սա ոչ միայն թվային ցուցանիշ է, այլև ընտանեկան կայունության փլուզման չափանիշ։
5. Մանկական մահացության աճ։ 2025 թվականի նախնական տվյալներով 0-1 տարեկանների մահերը աճել են +11.5%-ով, իսկ 0-4 տարեկանների մահերը՝ +13%-ով։ Սա վկայում է մեր առողջապահական համակարգի անբավարարության մասին, երբ խոսքը վերաբերում է մանկական ռիսկերի կառավարմանը։
Ինչու է սա ազգային անվտանգության հարց։
Երբ տնտեսական աճի հայտարարությունների ֆոնին ծնունդները նվազում են, ընտանիքները պակասում են, ամուսնալուծությունները աճում են, իսկ բնական հավելաճը ընկնում է, սա արդեն ոչ թե սոցիալական խնդիր է, այլ ազգային անվտանգության հարց։
Տնտեսական աճը արժեք չունի, եթե այն չի վերածվում կյանքի։ Եթե երկիրը չի վերարտադրում իր բնակչությունը, եթե ընտանիքը դառնում է ոչ թե հասարակության հիմք, այլ սոցիալական բեռի կրող, ապա ցանկացած տնտեսական ցուցանիշ կորցնում է իր իմաստը։
Հիմնական հարցը, որ պետք է տանք ինքներս մեզ, հետևյալն է․ Քանի՞ լումա արժե տնտեսական աճը, եթե այն չի բերում նոր կյանք, նոր ընտանիքներ, նոր սերունդ։