Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը, թերևս, թվերով կարող է ցույց տալ աճ, սակայն դրա բովանդակությունը, ցավոք, ավելի ու ավելի է հեռանում ստեղծող պետության գաղափարից։ Մենք սկսել ենք շատ սպառել, բայց քիչ արտադրել։ Շատ ներմուծել, բայց քիչ արտահանել։ Շատ խոսել աճի մասին, բայց քիչ մտածել՝ ինչի վրա է այդ աճը կանգնած։
Այսօր տնտեսության շարժիչ ուժը ծառայությունների ոլորտը, առևտուրը և բնակարանաշինությունը են, մինչդեռ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը նահանջում են։ Սա կարճաժամկետ թվեր է ապահովում, բայց երկարաժամկետ հեռանկարում ստեղծում է խոցելի, ներմուծումից կախված և արտաքին ցնցումներին ենթակա տնտեսություն։
Շինարարության կենտրոնացումը Երևանում հանգեցնում է մարզերի դատարկման, իսկ աշխատատեղերը և եկամուտները մնում են մեկ կենտրոնում։ Արտադրական արժեք ստեղծող շղթաներ չեն ձևավորվում, և տնտեսական աճը չի վերածվում անվտանգային, տեխնոլոգիական կամ տարածքային կայունության։
Ֆիսկալ համակարգը շարունակում է գործել որպես ծախսերի հաշվառման գործիք, ոչ թե զարգացման։ Հարկային բեռը հիմնված է սպառման վրա, բյուջեն չունի հակացիկլային պաշտպանություն, իսկ պետական ծախսերը հազվադեպ են ուղղված արտադրության, ներդրումների կամ արտահանման խթանմանը։
Ներդրումները հիմնականում կարճաժամկետ են, կենտրոնացված հումքային, ֆինանսական կամ անշարժ գույքի ոլորտներում և չեն ձևավորում արդյունաբերական կամ տեխնոլոգիական հիմք։ Գիտահեն, արտահանմանը միտված ներդրողները գրեթե բացակայում են։
Արտաքին շուկաներում Հայաստանը հանդես է գալիս ոչ թե որպես ստեղծող, այլ որպես միջանկյալ օղակ։ Արտահանման հիմքում հումքն է կամ վերաարտահանումը, իսկ շուկաների կառուցվածքը խիստ սահմանափակ է՝ մեծ կախվածությամբ մեկ-երկու ուղղություններից։
Տրանսպորտային և լոգիստիկ համակարգը ևս չի ծառայում ազգային տնտեսությանը։ Երկիրը կախված է մեկ հիմնական ուղուց, իսկ ներկայացվող այլընտրանքային նախագծերը հաճախ չեն ունենում տնտեսական հաշվարկ և իրական ազդեցություն։
Սա թվերի խնդիր չէ։ Սա տնտեսական մոդելի խնդիր է։
Հայաստանի առջև կանգնած է ընտրություն՝ շարունակել սպառման վրա հիմնված կարճաժամկետ աճի ուղին, թե անցնել արտադրական, տեխնոլոգիական և արտահանման վրա կառուցված նոր տնտեսական մոդելի։ «Միասնության Թևեր» քաղաքական նախաձեռնությունը առաջարկում է տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխում, ոչ թե մասնակի շտկումներ։ Մեր մոտեցումը կառուցված է 10 հենասյանի վրա, որոնք միասին ձևավորում են նոր տնտեսական ճարտարապետություն։ Առաջիկա օրերին մենք առանձին գրառումներով կներկայացնենք մեր տնտեսական քաղաքականության 10 հենասյուները։