Ամերիաբանկը սկսել է նորաստեղծ Star(t) day միջոցառումների շարքը՝ նպատակ ունենալով խթանել երեխաների ֆինանսական գրագիտությունը։ Առաջին հանդիպումը համախմբեց մեկ հարկի տակ 9-15 տարեկան շուրջ 100 երեխայի և նրանց ծնողների։
Միջոցառման կենտրոնում ֆինանսական գրագիտության թեման էր՝ որպես ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու հիմնարար հմտություն։ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԹՎԱՅԻՆ ԲԱՆԿԻՆԳԻ ղեկավար Աննա Վարդանյանը նշել է, որ ներկայիս արագ փոփոխվող տեխնոլոգիական միջավայրում ֆինանսական գիտելիքները կարևոր են ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։
Ըստ Վարդանյանի՝ ծնողները պետք է սկսեն մտածել երեխաների ֆինանսական կրթության մասին արդեն 6 տարեկանից։ «Իհարկե, 6 տարեկանից պետք չէ սկսել բարդ հասկացություններից, այլ պետք է խոսել փողի մասին՝ բացատրելով, թե ինչի համար է այն, ինչպես են այն վաստակում և ինչպես են ծախսում։ Սա կօգնի երեխաներին ձևավորել իրենց սեփական, առողջ վերաբերմունքը փողի նկատմամբ», – նշել է նա։
Միջոցառումը սկսվեց երեխաների և ծնողների համար նախատեսված հատուկ դասընթացով։ Այստեղ երեխաները ծանոթացան բանկային աշխարհին՝ իմանալով բանկի էությունը, փողի հիմնական գաղափարները, ինչպես են զարգացել քարտերը և ինչպես անվտանգ օգտվել թվային ծառայություններից։ Տեսական մասին հաջորդեցին ինտերակտիվ խաղեր, որոնք նպաստեցին ֆինանսական գիտելիքների ավելի խորը ընկալմանը։
Star(t) day-ի շրջանակում տեղի ունեցավ նաև «Ապագա աստղերը․ ինչպես մանկուց ձևավորել ֆինանսական ինքնավստահություն» թեմայով պանելային քննարկումը։ Բանախոսները ծնողների հետ կիսվեցին փորձով՝ ընդգծելով, որ ֆինանսական հարցերում ինքնուրույնությունը ձևավորում է երեխայի անհատականությունը, իսկ ծնողի վստահությունը՝ նրա պատասխանատվությունը։ Քննարկվեցին հարցեր, ինչպիսիք են՝ երեխայի հետ խոսելու ճիշտ եղանակը, ինքնուրույն գնում կատարելու համար նախատեսված տարիքը և գումարից օգտվելու մշակույթի ձևավորման ուղիները։
Հատկապես շեշտադրվեց այն կարևորագույն գաղափարը, որ գումարը չպետք է դիտարկվի որպես վարձատրություն երեխայի լավ առաջադիմության կամ կատարած աշխատանքի համար։ «Ծնողի դպրոց» ՀԿ հիմնադիր, հոգեբան Աննա Վելիցյանը նշել է, որ երեխան պետք է հասկանա, որ փողը երկնքից չի ընկնում, և որ այն ֆետիշ չէ, այլ միջոց, որը տալիս է ազատություն և հնարավորություն օգնելու։
Ամերիաբանկը երեխաների ֆինանսական գրագիտությունը խթանելու համար ստեղծել է MyAmeria Star հավելվածը։ Այն թույլ է տալիս երեխաներին ծնողի հսկողության ներքո ունենալ իրենց առաջին թվային քարտը՝ Visa Star-ը, ստանալ փոխանցումներ, կատարել վճարումներ և կանխիկացնել գումար։
Ամերիաբանկի MyAmeria և MyAmeria Star պրոդուկտների ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը նշել է, որ բանկի համար առաջնահերթություն է կրթությունը, հատկապես՝ ֆինանսական գիտելիքների տարածումը։ «Ամերիաբանկը, լինելով պատասխանատու կառույց, մշտապես հոգ է տանում իր հաճախորդների և հասարակության մասին՝ կազմակերպելով նման նախաձեռնություններ, որոնց հիմքում ընկած է մեր առաքելությունը՝ բարելավել կյանքի որակը», – ասաց նա։
Ամերիաբանկը վստահ է, որ յուրաքանչյուր «Star»-ի հետևում կանգնած է փոքր մարդու մեծ քայլը դեպի ֆինանսական գրագիտություն։