Նոր հետազոտություն է ցույց տալիս, որ որոշ շներ ունեն մարդկային խոսքի նոր բառեր սովորելու ունակություն՝ նույնիսկ երբ նրանց ուղղակիորեն չեն դիմում, ինչպես անում են փոքր երեխաները։ Այս հայտնագործությունը, որի արդյունքները հրապարակվել են «Science» ամսագրում, ընդլայնում է մեր պատկերացումները ընտանի կենդանիների կոգնիտիվ ունակությունների մասին։
Էտվյոշ Լորանդի համալսարանի (Բուդապեշտ) և Վիեննայի անասնաբուժական բժշկության համալսարանի գիտնականների խումբը ուսումնասիրել է հազվագյուտ, բացառիկ ընդունակություններ ունեցող շների մի խումբ, որոնց նրանք անվանել են «բառերի շնորհալի սովորողներ» (GWL): Այս կենդանիները կարող են հիշել առարկաների անունները և սովորել մարդկանց բնական շփման հիման վրա, այլ ոչ թե միայն անմիջական հրահանգների միջոցով։
Փորձերի ընթացքում հետազոտողները ստուգել են շների բառեր սովորելու ունակությունը երկու եղանակով։ Առաջին փուլում տերերը շանն ուղղակի ցույց են տվել նոր խաղալիք և անվանել այն։ Երկրորդ փուլում շները պարզապես դիտել են, թե ինչպես են իրենց տերերը քննարկում խաղալիքները մեկ այլ մարդու հետ՝ առանց զրույցին շների մասնակցության։ Կարճատև պարապմունքներից հետո՝ յուրաքանչյուրը ընդամենը ութ րոպե տևողությամբ, շներին տարել են մեկ այլ սենյակ և խնդրել են վերցնել որոշակի խաղալիքը՝ տալով նրա անունը։
Արդյունքները տպավորիչ էին։ Տասը «շնորհալի» շներից յոթը հաջողությամբ գտել են ճիշտ խաղալիքները, նույնիսկ եթե անունը լսում էին միայն մարդկային խոսակցության ժամանակ։ Որոշ փորձարկումների ժամանակ «գաղտնալսման» պայմաններում ճշգրտությունը հասնում էր 100 տոկոսի։
Երկրորդ փորձի ժամանակ գիտնականները բարդացրել են խնդիրը։ Կենդանիները տեսել են խաղալիքը, բայց լսել դրա անունը միայն այն բանից հետո, երբ այն թաքցվել է դույլի մեջ, այն պահին, երբ շները չեն նկատել։ Այնուամենայնիվ, շների մեծ մասը հաջողությամբ «սերտել» է բառի և առարկայի միջև կապը՝ ցույց տալով իրենց կոգնիտիվ մեխանիզմների ճկունությունը։
Հետազոտության հեղինակները նշել են, որ ուսուցման այս տեսակի համար պահանջվում է ներքին նախատրամադրվածությունների և սոցիալական փորձի համադրություն, և որ նման ունակությունները հազվադեպ են հանդիպում նույնիսկ շների մոտ։ Այնուամենայնիվ, հայտնագործությունը ցույց է տալիս, որ խոսքի յուրացման մեխանիզմները, որոնք նման են մարդկային մեխանիզմներին, կարող են գոյություն ունենալ նաև այլ տեսակների մոտ՝ նոր լույս սփռելով լեզվական ուսուցման էվոլյուցիոն ակունքների վրա։