Հայաստանին անհրաժեշտ են խոշոր, տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր, որոնք կօգնեն վերակառուցել և հզորացնել մեր երկրի տնտեսական ներուժը, կմեծացնեն տնտեսական և հաղորդակցային կարողությունները, նոր թափ կհաղորդեն մեր տնտեսական զարգացմանը, էապես կմեծացնեն մեր երկրի տարածաշրջանային դերակատարումը և մեր տնտեսական ու ազգային անվտանգության աստիճանը։ Այս նպատակների իրագործումը պահանջում է համակարգված և ռազմավարական մոտեցում։ Ուստի, ներկայացնում եմ մի քանի հիմնական ուղղություններ, որոնք կազմում են «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության հիմքը։
«Մեգանախագծերը թույլ են տալիս ստեղծել նոր կարողություններ, բարձրացնել երկրի տնտեսական դինամիզմը, բեկում մտցնել երկրի տնտեսական կյանքում և ստեղծել նոր ավելացված արժեք՝ ապահովելով բարեկեցության նոր մակարդակ»։
Մեգանախագծերի հիմնական ուղղություններ
Այս ուղղություններն ուղղված են ապահովելու Հայաստանի դիմացկունություն, տնտեսական աճ, աշխարհաքաղաքական ճկունություն, զարգացման համաչափություն և միջազգային կերպարի փոփոխություն։
1. Էներգետիկ և արդյունաբերական ինքնաբավություն
Այս ուղղության հիմքում ընկած է երկրի ռեսուրսային ինքնուրույնության և արդյունաբերական հզորության ամրապնդումը։ Նախատեսվում է կառուցել ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությամբ նոր ատոմակայան, ինչպես նաև զարգացնել ռադիոդեղագործական և միջուկային բժշկության կենտրոն։ Բացի այդ, նախատեսվում է արդիականացնել մետաղական հումքի վերամշակող արդյունաբերությունը՝ կառուցելով պղնձի ձուլման և ծծմբաթթվի օգտահանման գործարաններ։ Կարևոր է նաև արտադրական ենթակառուցվածքների արդիականացումը՝ էլեկտրական բաշխիչ ցանցերի, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, ինչպես նաև հաղորդակցության ցանցերի վերափոխումը։
2. Ռազմավարական տրանսպորտային և էներգետիկ միջանցք
Մեր ռազմավարական նպատակը Հայաստանը դարձնել Պարսից ծոց-Սև ծով ժամանակակից միջանցք։ Այս նպատակը կիրականացվի մի քանի հիմնական նախագծերի միջոցով։
Հյուսիս-Հարավ մայրուղու ավարտը։
Նոր երկաթուղիների կառուցումը՝ Իրան-Հայաստան (որը կինտեգրվի տարածաշրջանային այլ նախագծերի մեջ), Շիրակ-Վանաձոր-Իջևան, ինչպես նաև հին երթուղիների վերականգնումը՝ Կարս-Գյումրի, Երևան-Երասխ-Ջուլֆա, Երևան-Իջևան-սահման։
Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույցի ստեղծումը, որը կներառի նոր գազատարներ, ջրատարներ, էլեկտրահաղորդման գծեր, ինտերնետային մալուխներ, թունելներ և ճանապարհներ, ինչպես նաև կդառնա տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն։
Զվարթնոց օդանավակայանի ընդլայնումը՝ այն վերածելով տարածաշրջանային հանգույց՝ Եվրոպայից Ասիա օդային փոխադրումների համար։
Երևան – օդանավակայան – Զվարթնոցի տաճար – Վաղարշապատ նոր արագընթաց երկաթուղային գծի կառուցումը։
3. Տարածաշրջանային զարգացման և քաղաքային հավասարակշռության խթանում
Այս ուղղությունը նպատակ ունի թեթևացնել Երևանի գերբեռնվածությունը, զարգացնել մարզերը և բարելավել քաղաքային միջավայրի որակը։ Դրա համար նախատեսվում է պետական հաստատությունների մասնակի տեղափոխում այլ քաղաքներ, ինչպես նաև կառուցել Երևանից դեպի Էջմիածին և օդանավակայան տանող արագընթաց երկաթուղի։ Կարևոր է նաև Դիլիջանի զարգացումը՝ որպես կրթական, մշակութային, զբոսաշրջային և բնապահպանական կենտրոն։
4. Սոցիալական և մշակութային նախագծեր
Այս շարքում առանձնահատուկ տեղ ունի «Հատիս» նախագիծը, որը համատեղում է քաղաքակրթական, հասարակական և տնտեսական նշանակությունները։ Այն ներառում է, մասնավորապես, Քրիստոսի արձանի կառուցումը, որը կբերելու է այդ տարածաշրջանում տնտեսական կյանքի կտրուկ աշխուժացմանը։ Նախագծի գաղափարաբանությունը հիմնված է «ճանաչում, վերածնունդ, հպարտություն» առանցքային ուղերձների վրա։