Իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները, որոնք ուղղված էին Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունների իսկության պարզմանը, վերջապես հասել են ինձ։ Այս մասին տեղեկացրել է Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։
Փորձագիտական եզրակացությունները, որ ստացվել են երեք տարբեր պետություններից, ամբողջությամբ հաստատում են Սրբազանի պնդումը՝ այն մասին, որ նա որևէ կերպ չի մասնակցել տեսագրությունների ստեղծմանը կամ դրանց բովանդակությանը։
Փորձագետների հիմնական եզրահանգումներն են՝
1. Տեսագրության բովանդակությունը կեղծ է։ Այն ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների (սաֆթվեր) կիրառմամբ։
2. Տեսարանները իրական չեն։ Փորձագետները հաստատել են, որ տեսագրության մեջ պատկերված իրադարձությունները և տեսարանները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել։
3. Անձանց նույնականացումն անհնարին է։ Տեսագրության մեջ երևացող անձանց հավաստի նույնականացում կատարելն անհնարին է, ինչը նույնպես վկայում է դրա կեղծարարության մասին։
Այս հիմնական եզրահանգումներին զուգահեռ, փորձաքննությունների ընթացքում հայտնաբերվել են նաև այլ կարևոր մանրամասներ, որոնք հիմնավոր կերպով ապացուցում են տեսագրությունների կեղծարարությունը։
Մոտակա օրերին նախատեսվում է հրավիրել մամուլի ասուլիս, որտեղ կներկայացվեն միջազգային փորձագիտական եզրակացությունների ամբողջական տեքստը և մանրամասները՝ դրանք հանրությանը հասանելի դարձնելու նպատակով։