Հայկական կողմը կարող էր ավելի մեծ թվով գերիներ վերադարձնել, եթե բանակցություններն ավելի արդյունավետ լինեին

Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ազատ արձակել է 4 հայ գերիներ՝ Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին։ Միևնույն ժամանակ Հայաստանն էլ Թուրքիայի միջոցով Սիրիային փոխանցել է 44-օրյա պատերազմին որպես վարձկան մասնակցած և Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված 2 անձանց։

Իմ կարծիքով, թեև գերիների վերադարձը միշտ ուրախալի իրադարձություն է, սակայն այս հարցերի լուծումը գործարքների հիման վրա անընդունելի է։ Այս հարցն ունի բացառապես մարդասիրական բնույթ, և դրա վերջնական լուծումը պետք է հասնի մարդկային տառապանքների վերջին կետին, ինչը, իմ կարծիքով, հայ հասարակության կողմից էլ ակնկալվում է։

Հայկական կողմը, իմ գնահատմամբ, չի գնահատել Թուրքիայի և Սիրիայի իշխանությունների համար սիրիացի վարձկանների վերադարձի հարցի իրական արժեքը։ Այս վարձկանները հստակ հետաքրքրություն են ներկայացնում Թուրքիայի և Սիրիայի իշխանությունների համար, և իրականում ունեն շատ ավելի բարձր արժեք, քան դա գիտակցվել է Հայաստանի կողմից բանակցող ներկայացուցիչների կողմից։ Իմ գնահատմամբ՝ եթե այդ արժեքը ճիշտ գնահատվեր, հայկական կողմը կարող էր ավելի մեծաթիվ գերիների վերադարձնել։ Հետևաբար, ես սա համարում եմ անհավասար, անհամաչափ գործարք։

Այս գործարքի մեջ իրավական լուրջ խնդիր կա, քանի որ սիրիացի դատապարտվածները վարձկաններ են, իսկ մյուս կողմից՝ հայ գերիները, որոնք որևէ հանցավոր գործողություններ չեն կատարել։ Գերիների խնդիրը քաղաքականացված է, և ադրբեջանական կողմը այն լուծում է ՀՀ իշխանությունների կողմից որոշակի զիջումների գնով։

Այս գործարքի ժամանակագրությունը պատահական չէ, քանի որ հենց այսօր, գերիների վերադարձի օրը, Սիրիայի քաղաքացիները Թուրքիայի միջոցով արտահանձնվեցին։

Իմ տվյալներով՝ Բաքվի բանտերում շարունակում են մնալ ևս 19 հայ գերիներ, ինչպես նաև Ստեփանակերտում 2025 թ. սեպտեմբերին ձերբակալված Կարեն Ավանեսյանը։