Իրանում սկսված զանգվածային բողոքի ցույցերը նոր թափ են ստացել։ Վերջին օրերին նկատվում է ոչ միայն մասնակիցների թվի ավելացում, այլև բողոքի ցույցերի աշխարհագրության ընդլայնում։
Տեսանյութեր են հրապարակվել այն քաղաքներից, որտեղ մինչև այժմ ակտիվություն չի եղել կամ այն ավելի պասիվ էր։ Նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել Աբդանանի, Աստարայի, Ռաշտի, Ղազվինի, Աբադանի և մի շարք այլ փոքր քաղաքներում։ Ցույցերի ընդգրկումը փոքր ու միջին քաղաքներում դարձել է այս ակտիվությունների առանձնահատկություններից մեկը։ Թեհրանում բողոքի ակցիաներն ընդգրկել են մոտ 20 վայր։
Ակտիվ շրջաններից շարունակում է մնալ երկրի արևմուտքը, որտեղ ակցիաները ավելի ռադիկալ են։ Կան հաղորդումներ իրավապահների վրա զինված հարձակումների և հանրային ու վարչական նշանակության օբյեկտների վրա հարձակումների մասին։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են 3 իրավապահի զոհվելու մասին, մեկ աշխարհազորային էլ զոհվել է «կասկածելի հանգամանքներում»։
Բացի դրանից, ուսանողները դասադուլ են հայտարարել, իսկ մի շարք քաղաքներում շուկաները չեն աշխատում։ Ցույցերի ընթացքում հնչում են «մահ Խամենեիին», «մահ բռնապետին», «Փահլավին վերադառնալու է» և նմանատիպ կարգախոսներ։
Իրանի ԱԳՆ-ն իր հերթին մեղադրել է ԱՄՆ-ին երկրի ներքին գործերին միջամտելու, անկարգություններ կազմակերպելու, բռնության և ահաբեկչության համար։ Գերատեսչությունը հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը թույլ չի տա Վաշինգտոնին խաթարել երկրի ազգային ինքնիշխանությունն ու անկախությունը։
Իրանի ԱԳՆ-ն նշել է, որ երկիրը, իր Սահմանադրության մեջ ամրագրված սկզբունքներին համապատասխան, ճանաչում է խաղաղ ցույցերը և գործադրում է բոլոր ջանքերը ժողովրդի օրինական պահանջները բավարարելու համար։ Ընդ որում, գերատեսչությունում ուշադրություն են դարձրել, որ տնտեսական դժվարությունների զգալի մասը կապված է ԱՄՆ-ի կողմից վարվող տոտալ տնտեսական և ֆինանսական պատերազմի հետ, որը իրականացվում է անօրինական և անարդար պատժամիջոցներով։