ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հարցազրույցում հայտարարել է, որ Արևմուտքն ակտիվացրել է իր ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում՝ փորձելով քանդել տարածաշրջանը և սեպ խրել Ռուսաստանի հետ տարածաշրջանի պետությունների հարաբերություններում։
«Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում անսասան են։ Մեր գլխավոր նպատակն է, որ այնտեղ պահպանենք կայունության և բարգավաճման գոտին, որպեսզի կարողանանք համատեղ բացահայտել տարածաշրջանի ներուժը և ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները։ Ռուսաստանի հիմնարար շահը Կովկասում խաղաղությունն ու արարումն է»,- նշել է Կալուգինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պարզապես Հարավային Կովկասի հարևանը չէ, այլ ինքնին կովկասյան տերություն է։ «Մեզ միավորում են դարավոր բարեկամությունը, ընդհանուր պատմության փառահեղ էջերը, քաղաքակրթական մտերմությունը, միլիոնավոր ընտանեկան և ազգակցական կապերը։ Երկար ժամանակ մենք ապրել ենք միասնական պետության կազմում։ Ժամանակին Ռուսաստանի հետ մերձեցումը տարածաշրջանի ժողովուրդներին թույլ է տվել պահպանել իրենց ինքնությունը։ Հարավկովկասյան հանրապետությունների պետական հիմքերի ձևավորումը տեղի է ունեցել ԽՍՀՄ ժամանակաշրջանում։ Համոզված եմ, որ մեր եզակի հարաբերությունները ժամանակի և արտաքին ճնշման ենթակա չեն»,- ընդգծել է նա։
Միխայիլ Կալուգինը նաև նշել է, որ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները միշտ անմիջականորեն առնչվել են Ռուսաստանին՝ ազդելով նրա արտաքին և ներքին անվտանգության, ինչպես նաև տնտեսության ոլորտներում ունեցած շահերի վրա։
«Արևմտյան երկրները, իրենց սկսած «առանց կանոնների խաղի» շրջանակներում, ակտիվացրել են ապակառուցողական ջանքերը։ Նրանք փորձում են քանդել Հարավային Կովկասը, սեպ խրել տարածաշրջանի պետությունների և Ռուսաստանի հարաբերություններում, մեզ իրար դեմ հանել։ Սա բաժանման, այլ ոչ թե կառուցման քաղաքականություն է։ Արևմուտքի շատ երկրների համար Հարավային Կովկասը ոչ ավելին է, քան Ռուսաստանի հնարավոր «ցավոտ կետ»։ Նրանց գլխավոր նպատակն է վնասել մեր երկրին՝ ընդ որում՝ ուրիշների շահերի հաշվին, ևս մեկ տարածաշրջան ներքաշել հակառուսական ծրագրերի մեջ»,- եզրափակել է Կալուգինը։