Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» արշավի շրջանակում իրականացված ծրագրերը

Ամերիաբանկը հրապարակել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) արշավի շրջանակում իրականացված ծրագրերի մասին տեղեկություն։

Նախորդ տարի Բանկը մեկնարկել էր այս արշավը՝ նպատակ ունենալով համախմբել հասարակությանը և միասին որոշել, թե որ ոլորտի զարգացմանն է ուղղելու 2025թ.-ի ԿՍՊ ու բարեգործական ծրագրերի բյուջեից 100 մլն ՀՀ դրամը։ Հանրության կողմից կայացած քվեարկությանը մասնակցել էր ավելի քան 55 000 մարդ։

Քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ ամենաշատ ձայները հավաքել են երեխաների առողջության (54.9%) և կրթության (19.5%) ոլորտները։

Արդյունքում, ֆինանսավորում ստանալու նպատակով ներկայացված ավելի քան 80 ծրագրերից ընտրվել է 15, որոնք ուղղված են հենց այս երկու ոլորտներին։

Ընտրված ծրագրերից են՝ խրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաներին անհրաժեշտ դեղորայքի տրամադրումը, զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների կյանքի որակի բարելավմանը նպաստող ծրագրերը, դպրոցներում սմարթ էկրանների տեղադրումը, երեխաների համար նախատեսված սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենայի տրամադրումը, ինչպես նաև կիբերանվտանգության, արհեստական բանականության և մշակութային կրթության ոլորտներում դասընթացների կազմակերպումը։

Ամերիաբանկը Հայաստանի տնտեսական ոլորտի առաջատար ֆինանսական և տեխնոլոգիական հաստատություններից է, որը թվային փոխակերպման ռազմավարության շրջանակում շարունակաբար ներդնում է նորարարական լուծումներ՝ բավարարելու իր հաճախորդների ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։