Հանրակրթության բարեփոխումը․ Թվերով և փաստերով

Հայաստանում ընթացող հանրակրթության բարեփոխումների մասին բանավեճը հաճախ հանգում է ընդհանուր, հայտնի թեզերի՝ «որակի բարձրացում», «ռեսուրսների օպտիմալացում», «ժամանակակից ենթակառուցվածք» և այլն։ Սակայն երբ այդ տեսական շրջանակը լրացվում է կոնկրետ թվերով ու պաշտոնական պատասխաններով, ստացվող պատկերը դառնում է շատ ավելի հստակ և, իհարկե, ավելի մտահոգիչ։

Իմ հարցումը՝ ուղղված ԿԳՄՍ նախարարությանը, բացահայտում է այս «օպտիմալացման ծրագրի» մասշտաբները և «300 դպրոց» ծրագրի իրական արդյունքը։

Ի՞նչ է «օպտիմալացումը» և ո՞րքան է այն իրականում

Հարցումը սկսվեց պարզ հարցումով․ քանի՞ դպրոց է ներառված այսպես կոչված «օպտիմալացման» ծրագրում։ Պատասխանը զարմանալիորեն պարզ է․ 231 դպրոց։ Ըստ ԿԳՄՍ նախարարի 2023թ. N1790-Ա/2 հրամանի, այս դպրոցների ֆինանսավորման մեխանիզմները կարգավորվում են «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման» ծրագրի շրջանակում։

Այս անվանումը, որը հուշում է «ծառայությունների հասանելիությունը բարձրացնելու» մասին, փաստորեն քողարկում է փոքր դպրոցների փակումը և աշակերտների ու ուսուցիչների մի մասի տեղափոխումը։ Կարևոր է նշել, որ, ինչպես նախարարությունը նշում է, այս ցանկը «չի վերաբերում դպրոցների միավորումներին»։ Սա նշանակում է, որ խոսքը ոչ թե միավորումների, այլ առանձին դպրոցների փակման մասին է։

Տնտեսական հիմնավորումը․ Ո՞րն է «օպտիմալացման» տնտեսական իմաստը

Հարցումը շարունակվեց հիմնարար հարցով․ Ինչպե՞ս է գնահատվում այդ 231 դպրոցի փակման տնտեսական արդյունավետությունը։ Կատարվե՞լ է հստակ ֆինանսական վերլուծություն՝ համեմատելու նրանց պահպանման և աշակերտների տեղափոխման ծախսերը։

Սա հենց այն է, ինչն ամենամեծ մտահոգությունն է առաջացնում։ Պատասխանը զարմանալիորեն պարզ է․ որևէ տնտեսական հաշվարկ կամ հիմնավորում գոյություն չունի։ Իրավիճակը նման է այն բանին, որ ոլորտի լիազորմարմինը, որը մշակում և իրականացնում է կրթության ոլորտի քաղաքականությունը, չունի կամ չի ցանկանում տրամադրել ֆինանսական տվյալներ՝ հենց այդ քաղաքականության տնտեսական հիմնավորման համար։

«300 դպրոցների» ծրագիրը․ Ի՞նչ է իրականում կատարվում

Հարցումը նաև անդրադարձավ «հակակշիռ» հորջորջվող «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրին։ Պատասխանը ցույց է տալիս, որ մինչև այս պահը աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են ընդամենը 60 դպրոցում։ Սա նշանակում է, որ ծրագրի հայտարարված մեկնարկից շուրջ երեք տարի անց, այն իրականացվել է ընդամենը 20%-ով։

Ի՞նչ են խոսում այս թվերը

Ստացված արդյունքները ի հայտ են բերում հետևյալ մտահոգիչ պատկերը։ Պարզ է դառնում, որ որևէ հաշվարկ կամ հիմնավորում չկա, թե ինչու՞ պիտի փակվեն դպրոցները։ Այն հանգեցնելու է ավելի քան 200 գյուղական բնակավայրերի դատարկմանը, քանի որ դպրոցի կորուստը, չլրացված նոր որակյալ կրթության առաջարկով, ծնողներին կստիպի տեղափոխվել մարզային քաղաքներ կամ, որ ավելի վատ է, արտագաղթի նոր ալիք կառաջացնի։

Պաշտոնական պատասխաններով բացահայտված «231 ընդդեմ 60-ի» թվաբանական հարաբերակցությունը հանդիսանում է հանրակրթության «բարեփոխման» իրական ցուցանիշ։ Դա ցույց է տալիս, որ օրվա իշխանությունների քաղաքականության երկու բաղադրիչները՝ «քանդելը» և «կառուցելը», գործում են տարբեր ռիթմերով և տարբեր արդյունավետությամբ։ Վստահաբար, նրանց մոր կազմաքանդման գործընթաց կազմակերպելը շատ ավելի արդյունավետ է ստացվում․․․ և, ցավոք, ոչ միայն կրթության բնագավառում։