Երեկ Գերմանիայում հայ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով արցախցիների՝ Արցախ վերադառնալու հնարավորությանը, ասել էր հետևյալը․ «Եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա նշանակում է՝ մենք նորից կսկսենք Ղարաբաղյան շարժումը։ Ես ասել եմ՝ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը, Ղարաբաղյան շարժումը ավարտվել է, և սկսելու փորձերն օգտակար չեն։ Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», և, այո՛, ընդունում եմ նաև, որ եթե մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն պետք է դա ամբողջական իրականացնենք, սա է իմ պատկերացրած ճանապարհը»։
Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարել է, որ այդ խոսույթը ոչ միայն ապօրինի է, այլև՝ վտանգավոր Հայաստանի պետականության համար։
Նա նշել է, որ դեկտեմբերի 10-ին Արցախում միաժամանակ նշում էին երեք խորհրդանշական օրեր՝ Արցախի հանրաքվեի օրը, 2006 թվականի Սահմանադրության ընդունման օրը և Մարդու իրավունքների համաշխարհային օրը։ «Եվ հենց այդ օրը Փաշինյանը միջազգային հանրության առաջ փորձում է չեղարկել մեր հայրենիքում ապրելու մեր բնական իրավունքը։ Անկախ իր հայտարարություններից՝ այդ իրավունքը ոչ ոք չի կարող մեզանից վերցնել»,-ասաց պատգամավորը։
Ըստ նրա՝ միջազգային հանրության վերաբերմունքի և ներկայիս ճնշումների պատճառը Հայաստանի իշխանությունների վարած հակաազգային քաղաքականությունն է, ոչ թե չեզոքությունը։ «Միջազգային հանրության «մտահոգությունների» պատճառը հենց իշխանությունների հակառակ խոսույթն է և մեր նկատմամբ գործադրվող ճնշումները»,- ընդգծեց նա։
Հակոբյանը Փաշինյանի վերջին խոսույթը կապում է 2019-ին Ստեփանակերտում արված հայտարարության հետ՝ «Արցախը Հայաստան է և վերջ», որն, իր գնահատմամբ, Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների շրջանակում հիմք դրեց Արցախի վերացմանն ու այնտեղի հայության ցեղասպանությանը։ «Այդ գործընթացն արդեն տեղափոխվում է Հայաստանի Հանրապետություն։ Երեկվա հայտարարությունն ուղղակի հարված է ՀՀ սուվերենությանը, անվտանգությանը և մեր բնակչության ֆիզիկական անվտանգությանը»։
Պատգամավորը նաև հիշեցրեց, որ տարիներ առաջ Փաշինյանը պնդում էր, որ արցախցիները պետք է «նույն տանիքի տակ անվտանգ ապրեն ադրբեջանցիների հետ»։ «Հիմա նա նույն ձևակերպումն առաջարկում է Հայաստանի քաղաքացիներին»։
Հակոբյանի համոզմամբ՝ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ արցախցիների վերադարձի օրակարգի շարունակումը օրակարգ է դարձնում նաև «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը, միանշանակ հակահայկական է։ «Արցախցիների՝ Արցախ վերադառնալու պահանջը որևէ կապ չունի Ադրբեջանի «Արևմտյան Ադրբեջան» հորինված տերմինի հետ։ Եթե դու հավասարություն ես դնում այդ երկուսի միջև, դա արդեն ուղղակի վտանգ է ՀՀ անվտանգության համար»։
Ըստ պատգամավորի՝ եթե Ադրբեջանը պնդում է, որ իր քաղաքացիները կարող են վերադառնալ խորհրդային տարիներին ունեցած բնակավայրերը, ապա համաչափ պահանջ պետք է դրվի նաև հայկական կողմից․ Բաքվում, Սումգայիթում ու Ադրբեջանի այլ քաղաքներում ապրած ու բռնությամբ տեղահանված հայերը պետք է ստանան իրենց տների վերադարձի կամ փոխհատուցման իրավունք։
Հակոբյանի գնահատմամբ՝ հավասարության նշանը չի դնում Ադրբեջանը․ այդ գործը կատարում է բացառապես Հայաստանի իշխանությունը՝ ներքին լսարանը մանիպուլացնելու և մինչև ընտրություններ ժամանակ շահելու նպատակով։ «Սա հավերժ չի կարող շարունակվել։ Այս ամենը արվում է խաղաղության գործընթացը հայ ժողովրդի վրա «վաճառելու» համար»։