ԲԱՔՈՒՆ ԼԵԳԻՏԻՄԱՑՆՈՒՄ Է ԶԱՎԹՈՂԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Դեկտեմբերի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական պետական լրատվական «Azertag» գործակալությունը հրապարակել է 24 նյութ, որոնցում Հայաստանի Հանրապետության տարածքը կոչվում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ։ Այս նյութերի վերլուծությունը բացահայտում է, որ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մաս է։

Այս ծրագրի շրջանակում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ՝ գիտաժողովներ, ուսումնական ծրագրեր, երիտասարդական ճամբարներ և ցուցահանդեսներ։ «Արևմտյան Ադրբեջան վերադարձը» ներկայացվում է որպես հիմնական «ազգային նպատակ», որի մասին ուղիղ տեքստով խոսում են ոչ միայն պետական պաշտոնյաներ, այլև պատգամավորներ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մշտապես ներկայացնում են այս թեման որպես «իրավական, պատմական և բարոյական պարտավորություն»՝ այն ինտեգրելով ուսումնական ծրագրերում, ֆոլկլորային հետազոտություններում, արվեստում և հասարակական դիսկուրսում։ Այս ամենի նպատակն է Հայաստանի տարածքների նկատմամբ պահանջները դարձնել «օրինաչափ» և «բնական»։

Արվեստի, գրականության և պատմական գիտությունների միջոցով «Արևմտյան Ադրբեջանը» ներկայացվում է որպես ադրբեջանցիների նախնիների հայրենիք։ Ժողովրդական բանահյուսության հավաքածուները, նկարչական մրցույթները և վիրտուալ ցուցահանդեսները շեշտադրում են հայկական տարածքների «պատկանելիությունը ադրբեջանցիներին»։ Շեշտվում են ենթադրյալ «ադրբեջանական» մշակութային վայրերի ոչնչացումն ու տեղահանությունները՝ հայերին ներկայացնելով որպես «բռնազավթիչներ» և «ցեղասպաններ»։ Այս մշակութային թեմաների ներքո առաջ են քաշվում անթաքույց տարածքային պահանջներ։

Ադրբեջանը հղում է կատարում միջազգային իրավունքին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներին և մարդու իրավունքների շրջանակներին՝ վերադարձի «իրավունքը» պաշտպանելու համար։ Հայաստանին վերագրվում է կոլեկտիվ պատասխանատվություն ենթադրյալ հանցագործությունների և ավերածությունների համար։ Սա ներկայացվում է որպես արդարադատության հարց՝ նպատակ ունենալով միջազգային մակարդակով օրինականացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ պահանջները՝ միաժամանակ կապելով պատմությունը ժամանակակից դիվանագիտության և պատերազմից հետո բանակցությունների հետ։

Այս զավթողական քաղաքականությունը ձևավորվում է նաև երիտասարդ սերնդի շրջանում։ Երիտասարդական ծրագրերի, սեմինարների և համայնքային նախաձեռնությունների միջոցով ադրբեջանական պետությունը ձևավորում է հստակ մտածելակերպ, ըստ որի ՀՀ-ն «պատմական ադրբեջանական հող է», որը «խլվել է իրենցից»։ Սա ապագա տարածքային պահանջները երիտասարդության մոբիլիզացիայի միջոցով առաջ տանելու հստակ ձեռագիր է։

Այս ամենը բացահայտում է Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված հստակ զավթողական ծրագիր, որը չունի որևէ պատմական, քաղաքական, աշխարհագրական հիմք։ Դրա տարածման մասշտաբները ադրբեջանական պետական համակարգի կողմից անպատկերացնելի են։