Ի սկզբանե նախատեսվում էր Տավուշում սահմանազատման շարունակման մասին, սակայն հաշվի առնելով Սոթքի (Գեղարքունիք) վերջին իրադարձությունները, որտեղ նկատվեցին հայ-ադրբեջանական խմբերի կողմից ենթադրաբար չափագրողական բնույթի համատեղ գործողություններ, տեղին է հիշել գործընթացի նախապատմությունը։
Խոսքը տարածքների հանձնման գործընթացի մասին է՝ տարբեր կարգախոսներով. բանավոր պայմանավորվածություններից ու JPS-ից մինչև օտարում՝ սահմանազատման ցուցանակի տակ։ Այս գործընթացը բոլոր փուլերում ընթացել է ժողովրդի թիկունքում։
Հիշեցնենք 5-ամյա վաղեմության մի դրվագ։ 2021 թվականի նոյեմբերին նախկին վարչապետ Հրանտ Բագրամյանը արեց հետևյալ հայտարարությունը. «Դելիմիտացիա և դեմարկացիա արդեն արված է՝ Գորիսից մինչև Իրանի սահման։ Այդ արձանագրությունը դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրել է Վաղարշակ Հարությունյանը։ Այդպիսով մենք արդեն ճանաչել ենք Գորիսից Կապան, ապա մինչև Շվանիձոր եղած սահմանը, որտեղ Ադրբեջանը սահմանի կեսը վերցրել է մեզնից»։
Փաստաթուղթը, որին վերաբերում էր խոսքը, բազմիցս մեջբերվել է հրապարակումներում։ Այն վերնագրված է՝ «Գորիս-Դավիթ Բեկ և Կապան-Ճակատեն ավտոճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղաշարժի կազմակերպման մասին Հուշագիր»։ Փաստաթղթում նախատեսվում էր 2020 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ զինվորական ստորաբաժանումների դուրսբերում Զանգելանի և Կուբաթլուի (Սանասար և Կովսական) տարածքից։
44-օրյա պատերազմի արդյունքներով Եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի և Հայաստանի ռազմական ստորաբաժանումները պետք է կանգ առնեին այնտեղ, որտեղ գտնվում էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի դրությամբ։ Մեր զորքերի դուրսբերման հրամանը պատկանում էր Փաշինյանին։ Այն համաձայնեցված էր Ալիևի հետ սեպարատ ռեժիմով՝ ժողովրդի թիկունքում, իսկ կատարումը հանձնարարվեց գեներալ Վաղարշակ Հարությունյանին, որը պաշտպանության նախարարի պաշտոնը թողնելուց հետո նշանակվեց ՌԴ-ում ՀՀ դեսպան։
Այդ դավաճանական (բոլոր առումներով) քայլն արդարացնելու նպատակով շրջանառության մեջ դրվեց քարոզչաթեզը, թե Հարությունյանին ստիպել են դուրս բերել զորքերը, քանի որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը սպառնացել է հակառակ դեպքում «վերցնել Գորիսը»։
Մինչև վերջերս (նախքան խոսնակ Ալեն Սիմոնյանի թափանցիկ ակնարկները) թվում էր, թե Սյունիքի պարագայում սահմանազատման ու սահմանագծման հարցը փակված է, և Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի հանձնաժողովներն այդտեղ անելիք չունեն։ Պոստֆակտում կարող է պարզվել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Սուրբ Էջմիածնի շուրջ ծավալած ողջ աղմուկի նպատակը քաղաքականացված հանրության ուշադրությունը շեղելն է Սյունիքում սպասվող սահմանազատումից, որից հետո գործընթացն անմիջապես կտեղափոխվի Վարդենիս և Ջերմուկի բարձունքներ…
Ուզում եմ հիշեցնել, որ Փաշինյանն ու իշխող վերնաշերտի մյուս ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, թե սահմանազատման արդյունքում ադրբեջանցի զավթիչները կհեռանան Սյունիքի Սև լճի և Իշխանասարի շրջակայքից։ Հիշեցնեմ, որ Սյունիքի տարածքի մի մասն առանց գեթ մեկ կրակոցի բռնազավթվեց 2021 թվականի մայիսի 12-ին։ Զավթումը շարունակվեց 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի արդյունքներով։
Մի՞թե որևէ մեկը կհավատա, թե Սյունիքում սահմանազատման շարունակումը հանգեցնելու է ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերմանը զավթած տարածքներից։ Սահմանազատման հաջորդ փուլից հետո դեռ քանի՞ քառակուսի կիլոմետր ենք ավելացնելու ադրբեջանցիների բռնազավթած հայկական տարածքի 240 քառ. կմ-ին։ Դեռ քանի՞ գյուղ ենք դատարկելու՝ Տավուշի 4 գյուղերից հետո։
Սյունիքում դրա նախադեպը հայտնի է. Շուռնուխի բնակիչների մի մասին ադրբեջանցիները վռնդեցին՝ վկայակոչելով իրենց JPS-ների ցուցմունքները։ Բաժանարար գիծն անցավ Շուռնուխի բնակիչ Ստյոպա Մովսիսյանի անասնագոմով։