ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած խուզարկությանը և դրա հետ կապված իրադարձություններին։ Նրա խոսքով՝ այս գործողությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական շահերը սպասարկող ռեժիմը չի կարող դիմանալ, երբ Արցախի պետականության ինստիտուտները հիշեցնում են իրենց գոյության մասին։
Աշոտյանը նշեց, որ Արցախի Ազգային ժողովը, նախագահական ինստիտուտը և մյուս պետական կառույցները հանդիսանում են ազգային հարստություն, որոնք կարող են ծառայել որպես հիմք՝ իրավիճակը վերականգնելու համար։ «Ակնհայտ է, որ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի ոչնչացնի պետականության այդ վերջին ԴՆԹ-ները»,- ընդգծեց նա։
ՀՀԿ փոխնախագահն անդրադարձավ նաև վարչապետի՝ Ադրբեջանին ներկայացրած առաջարկին՝ «ընդունել համատեղ ճանապարհային քարտեզ՝ զուգահեռ փակելով «Արևմտյան Ադրբեջան» և «Ղարաբաղի հայերի վերադարձ» թեմաները»։ Նրա կարծիքով՝ այս երկու հարցերը բացարձակապես իրար հետ կապ չունեն։ «Զուգահեռներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հայության և այստեղ երբեմնի ապրած ադրբեջանցիների միջև պարզապես խայտառակություն է։ Պարզ է չէ՞, որ ինքը դա հասկանում է, հասկանալով է ասում, կներեք բառիս համար, խուրդում է մեր վերջին կռվանները դիվանագիտական ճակատում»,- նշեց Աշոտյանը։
Նա նաև հստակեցրեց, որ Արցախի հարցը լուծված չէ։ «Ոչ միայն պնդում է, պաթոս է, դա եվրոպացի, ամերիկացի, ռուս դիվանագետների հայտարարություններննն են անգամ 44-օրյա պատերազմից հետո»,- ընդգծեց նա։
Արմեն Աշոտյանի խոսքը հնչեցվել է ՀՀԿ ԳՄ անդամի որակով՝ դատական նիստից առաջ լրագրողների հետ կատարված հարցազրույցի ընթացքում։