Ստալինգրադի պաշտպանությունը՝ հայ ժողովրդի պաշտպանությունը թուրքական ագրեսիայից

1943 թվականի փետրվարի 2-ին ավարտվեց Մեծ Հայրենական պատերազմի ամենաճակատագրական և հերոսական ճակատամարտերից մեկը՝ Ստալինգրադի ճակատամարտը, որը ունեցավ աննախադեպ նշանակություն հայ ժողովրդի համար։

Պատմական փաստերը վկայում են, որ 1942 թվականի վերջին Թուրքիան պատրաստ էր մտնել պատերազմի և իրականացնել ագրեսիվ ծրագրեր՝ ուղղված Խորհրդային Հայաստանին։ Թուրքական զորքերի, որոնց թվաքանակը կազմում էր 750 հազարից մինչև մեկ միլիոն մարդ, կենտրոնացումը տեղի էր ունենում Խորհրդային Հայաստանի հետ սահմանին, որտեղ տեղակայված էին 26 հետևակային դիվիզիա։

Նախնական պլաններով Թուրքիայի զորքերի սահմանը հատելու օրը նշանակված էր 1942 թվականի նոյեմբերի վերջը։ Սակայն նոյեմբերի 19-23-ի ընթացքում գերմանական վերմախտի կողմից ստացված առաջին խոշոր պարտությունները հետաձգեցին Թուրքիայի ագրեսիվ գործողությունները։

Այս հերոսական պաշտպանության ընթացքում, որը տևեց մի քանի ամիս, իրենց կյանքը զոհաբերեցին նաև հայ ժողովրդի 30 հազար զավակները։ Նրանցից 10 հազարը նահատակվեցին կատաղի մարտերում։ Ստալինգրադի ճակատամարտում ցուցաբերած անզուգական հերոսության համար բազմաթիվ հայորդիներ արժանացան բարձր պարգևների, իսկ նրանցից 5-ը՝ ԽՍՀՄ հերոսի կոչման։

Հատկապես հիշարժան է Հայկական 76-րդ հրաձգային դիվիզիայի մարտիկների դրսևորած անձնվառությունը։ Նրանց անձնվառության և մարտական ուղու համար դիվիզիան վերանվանվեց 51-րդ գվարդիական հրաձգային դիվիզիա։

Այս հաղթանակը բարձր գնահատվեց նաև դաշնակից պետությունների կողմից։ ԱՄՆ նախագիդ Ֆրանկլին Ռուզվելտը նշել է, որ «սովետական բանակի սխրանքը Ստալինգրադում» նրան «հիացրել է», իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլլը նշել է, որ Ստալինգրադը դարձել է «արիության սիմվոլ»։

Իմ հայրը՝ Պետրոս Ավագյանը, ով ծանր վիրավորվել էր Ստալինգրադում, միշտ պատմում էր, որ իրենք, պաշտպանելով Ստալինգրադը, իրականում պաշտպանում էին նաև Հայաստանը՝ թուրքական հնարավոր ագրեսիվ հարձակումներից։ Հավերժ փառք Ստալինգրադի հերոսներին։