Նոր հետազոտությունն ավանդական առողջապահական առաջարկություններին է մարտահրավեր նետում՝ ընդգծելով քնի կարևորությունը

Համաշխարհային մասշտաբի նոր հետազոտությունը ենթադրում է, որ առողջ քունը կարող է ավելի օգտակար լինել ընդհանուր առողջության համար, քան ֆիզիկական ակտիվությունը, հատկապես այն պայմաններում, երբ մարդկանց մեծ մասը դժվարանում է հասնել ակտիվ կյանքի և հանգստի հանձնարարվող մակարդակներին։

Այս եզրահանգումը հիմնված է ավելի քան 70 հազար մասնակցի տվյալների վերլուծության վրա, որը կատարվել է 3,5 տարվա ընթացքում։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մարդկանց միայն 13%-ը կարողանում է միաժամանակ պահպանել և՛ քնի, և՛ ֆիզիկական ակտիվության ցուցանիշները։ Իսկ 17%-ը քնում է օրական յոթ ժամից պակաս և անում է 5000 քայլից քիչ, ինչը համապատասխանում է «նստակյաց» կյանքակերպին։

Հետազոտության հեղինակները նշում են, որ քնի պակասը ուղղակիորեն կապված է քրոնիկ հիվանդությունների, ավելորդ քաշի և հոգեկան առողջության հետ կապված խնդիրների ռիսկի բարձրացման հետ։

Հետազոտության գլխավոր հեղինակ և Ավստրալիայի Ֆլինդերս համալսարանի քնի առողջության մասնագետ Ջոշ Ֆիթոնը նշել է, որ այս արդյունքները մարտահրավեր են նետում ավանդական առողջապահական առաջարկություններին։ Նրա խոսքով՝ մարդկանց մեծ մասի համար որքան դժվար է պահպանել ինչպես ակտիվ կյանքակերպը, այնպես էլ առողջ քնի գրաֆիկը։

Հետազոտությունը բացահայտել է հետաքրքիր օրինաչափություն․ վեցից յոթ ժամ քունը կապված է հաջորդ օրը քայլերի ամենամեծ քանակի հետ։ Սա հաստատում է այն վարկածը, որ հանգիստը հանդիսանում է ակտիվ կյանքի բանալին։

Այլ հետազոտություններ նույնպես ցույց են տալիս քնի և ֆիզիկական ակտիվության միջև սերտ ֆիզիոլոգիական կապ։ Օրինակ՝ կանոնավոր վարժությունները բարելավում են քնի որակը, մինչդեռ քնի պակասը նվազեցնում է մարզումների արդյունավետությունը։

Հետազոտողների կարծիքով, եթե մարդիկ ժամանակի սղություն ունեն, նրանք պետք է առաջնահերթություն տան քնին, ոչ թե՝ վարժություններին։ Հետազոտության համահեղինակ պրոֆեսոր Դենի Էքերտը նշել է, որ քնին առաջնահերթություն տալը կարող է լինել էներգիան, մոտիվացիան և մարզումների արդյունավետությունը բարձրացնելու ամենաարդյունավետ միջոցը։ Նրա խոսքով՝ պարզ փոփոխությունները, ինչպիսիք են քնելուց առաջ էկրանով անցկացրած ժամանակի կրճատումը, քնելու ժամանակի կայուն պահպանումը և հանգիստ քնի միջավայրի ստեղծումը, կարող են էական տարբերություն ստեղծել։