ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՊՐՈՑԵՍԸ

Այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, թեև դեռևս ոչ ամբողջությամբ բացահայտված, հստակ ցույց են տալիս քաղաքացիական հասարակության նոր, ինտենսիվորեն զարգացող պրոցես։ Այն նման է քաղաքացիական պոռթկումի նախապատրաստական փուլին, որտեղ մարդիկ ոչ թե դեռևս փողոցներում են հավաքվում, այլ ակտիվորեն ձևակերպում են իրենց անհամաձայնությունը և որոնում են այն կետերը, որոնց շուրջ կարող են միավորվել։

Այս պրոցեսի ամենաառաջնային ապացույցներից են հասարակության անկեղծ և զգալի աջակցությունը Մայր Աթոռին և Վեհափառին, ինչպես նաև այն հակադարձությունը, որը հասարակությունը ցուցաբերում է պետական մարմինների կողմից իրականացվող որոշ քայլերի նկատմամբ։ Օրինակ, հարց է առաջանում այն մասին, թե ո՞ր բենզալցակայաններում է վաճառվում ադրբեջանական բենզինը։ Սա ոչ թե պարզապես տնտեսական հարց է, այլ բարոյական-էթիկական դիրքորոշում։ Քաղաքացիները, որոնք հարյուր հազարներով են, չեն ուզում աջակցել այն երկրի բյուջեին, որը զենք է առնում՝ մեզ դեմ, և որի զորքը գտնվում է մեր հայրենիքի սահմաններին։ Նրանք չեն ուզում գնել այն ապրանքը, որը արտադրվում է այն երկրի կողմից, որը գերեվարում է մեր հայրենակիցներին և ֆիզիկապես ոչնչացնում Արցախը։

Այս դիրքորոշումը հստակորեն տարբերում է մարդուն անասունից՝ հիշողության, արժանապատվության և ոչ նյութական արժեքների հիմքով։ Այն ոչ թե խաղաղության հաստատման միջոց է, այլ արժանապատվության պահանջ։ Այսպիսով, ադրբեջանական բենզինի մերժումը դառնում է քաղաքացիական կեցվածք, որը հիշեցնում է քաղաքակիրթ աշխարհի բազմաթիվ օրինակներ, երբ հասարակությունները մերժում էին որևէ երկրի ապրանքները՝ բարոյական սկզբունքներից դրդված։

Այս պահանջատեր հասարակության ձևավորումը բնականոն է և անխուսափելի։ Այն ինքնուրույն կձևակերպի իր հիմնական խնդիրը, որը, հավանաբար, կլինի պետության կառավարման մոդելի փոփոխությունը։ Որոշակի ժամանակահատվածից հետո, երբ այս սոցիոլոգիական պատկերը կամրապնդվի, այն կտարածվի ամբողջ երկրի մասշտաբով՝ սկսած Մայր Աթոռի բակից։

Այս պրոցեսի հաջողությունը կախված է նաև այն բանից, թե ինչպես են դրան հարաբերվում քաղաքական ուժերը։ Նրանց պարտականությունն է աջակցել այս առողջ և հաղթող պրոցեսին՝ խուսափելով անխոհեմ քայլերից և սխալներից, որոնք կարող են այն վտանգել։ Ի վերջո, հասարակության կամքը, որը ձևակերպվում է այս պահին, կհանգեցնի պատմական եզրահանգման՝ «Պահակը հոգնած է», որը կնշանակի, որ ժամանակն է փոխել կառավարման համակարգը։