Հայաստանը փորձում է «սլաքներն ուղղել» Ռուսաստանի դեմ՝ Փաշինյանը ցանկանում է Ռուսաստանին ներգրավել երկաթուղային ճանապարհների վերականգնման աշխատանքներում

Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով օգնել երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման հարցում, որոնք կմիանան ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակում ստեղծվելիք «Թրամփի երթուղուն»։ Այս մասին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը փորձում է «սլաքներն ուղղել» Ռուսաստանի դեմ, քանի որ նրան չեն հետաքրքրում Մոսկվայի շահերը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ այդ միջանցքով տարանցումից ստացվող շահույթի 76 տոկոսը կպատկանի ԱՄՆ-ին, իսկ 24 տոկոսը՝ Հայաստանին։

«Ուրիշ ոք չի կարող մասնակցել այդ գործընթացին։ Ռուսաստանը կարող է ներգրավված լինել որոշ գործառույթներում, բայց չի կարող լինել այդ ընկերության հիմնադիրների կամ բաժնետերերի շարքում։ Փաշինյանը, ցանկանալով շեղել քննադատությունը, որ նա անտեսում է Ռուսաստանի շահերը, փորձում է Ռուսաստանին ներգրավել այս աշխատանքի մեջ»,- ընդգծել է Կոնստանտին Զատուլինը։

Նրա կարծիքով՝ Հայաստանը փորձում է Ռուսաստանին ներքաշել այս աշխատանքի մեջ, որպեսզի հետո կարողանա պնդել, որ Մոսկվան ներգրավված է։ Այս իրավիճակը, նրա խոսքով, նման է այն դեպքին, երբ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայությունը Ղարաբաղում գործնականում անտեսվեց։

«Մենք պետք է հասկանանք, որ Փաշինյանը չի գործում մեր շահերից ելնելով. նա խաղադրույք է կատարում Արևմուտքի հետ դաշինքի և բարեկամության վրա։ Նրա առաջարկները պետք է բազմիցս վերլուծվեն՝ համոզվելու համար, որ թաքնված աստառ չկա»,- եզրափակել է Կոնստանտին Զատուլինը։