ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍԻՄՈՆՈՎԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ «ՌՈՍԱՏՈՄ»-Ի ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման շուրջ ստեղծված իրավիճակը և «Ռոսատոմ»-ի դիրքորոշումը մեկնաբանել է Ազգային էներգետիկ անվտանգության ֆոնդի գործադիր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը։ Նրա խոսքով՝ «Ռոսատոմ»-ը պատրաստ է հարմարվել հայկական կողմի պահանջներին, սակայն այդ հնարավորությունները սահմանափակվում են, երբ նախագծի ամբողջական ձևաչափը նախապես պարտադրվում է։

«Ռոսատոմ»-ը, որպես ճկուն ընկերություն, կարող է ներգրավել տարբեր ենթակապալառուներ և մատակարարներ։ Սակայն, եթե նպատակն է՝ պատճառ գտնել, որպեսզի ընկերությունը չմասնակցի նախագծին, դա հնարավոր է։ Սիմոնովը հարցնում է՝ ինչու՞։ Նրա կարծիքով, երբ կա ընկերություն, որը պատրաստ է իրականացնել ծրագիրը, անհրաժեշտ է լսել այն՝ որպես տեխնոլոգիաների տիրապետող կողմի, որը լավագույնս պատկերացնում է գործընթացը։

Նա ընդգծում է, որ Հայաստանում արդեն գործում է խորհրդային ժամանակներից մնացած ատոմակայան, ինչը վկայում է երկրի ունեցած փորձի մասին։ «Ռոսատոմ»-ը, լինելով այդ տեխնոլոգիաների իրավահաջորդը, ունի անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ՝ նոր կայանի կառուցման համար։

Սիմոնովը նաև նշում է, որ եթե հայկական կողմը ցանկանում է ներգրավել տեղական ենթակապալառուներին, դա հասկանալի է։ Սակայն երբ հստակ սահմանվում է, թե ինչ տեխնոլոգիա պետք է կիրառվի՝ առանց հաշվի առնելու ընդհանուր նախագծային պատկերացումը, դա կարող է խոչընդոտել համագործակցությանը։ Նրա կարծիքով, եթե իսկապես ցանկանում են իրականացնել նախագիծը, անհրաժեշտ է երկխոսություն և փոխադարձ լսում։