Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի (DGAP) վերլուծաբան Շթեֆան Մայսթերը նշում է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների նկատմամբ իրականացված ցուցադրական դատավարությունը, որի արդյունքում նրանց դատապարտել են ցմահ կամ երկարատև ազատազրկման, Իլհամ Ալիևի կողմից Ղարաբաղյան առաջին պատերազմում կրած պարտության համար վրեժ լուծելու միջոց է։
Ըստ վերլուծաբանի՝ Ադրբեջանի նախագահը կարող է թույլ տալ իրեն նման խիստ գործողություններ, քանի որ միջազգային քննադատությունը նրա համար այլևս խոչընդոտ չի հանդիսանում։ Այս իրավիճակը, ըստ Մայսթերի, հակամարտության ավտորիտար կարգավորման դասական օրինակ է։
Նա բացատրում է, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրոպական Միությունը, ընդունել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանի վրա վերահսկողություն հաստատելը որպես կատարված փաստ։ Շթեֆան Մայսթերը նկատում է, որ ԵՄ անդամ պետությունները չկարողացան համաձայնության գալ Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում, քանի որ Բաքուն Եվրոպայի գազի և նավթի հիմնական մատակարարն է։ Այդ պատճառով ԵՄ բոլոր պետությունները խուսափում են Բաքվին քննադատելուց։
Վերլուծաբանը նաև նշում է, որ միջազգային հարաբերությունների նոր համակարգում ուժի գործոնն է դառնում որոշիչը։ Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի օրինակը ցույց է տալիս, որ նույն արժեքները կիսող արևմտյան երկրների համայնքն այլևս գոյություն չունի։
Ավելի վաղ Միացյալ Նահանգները հաճախ էր քննադատում Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը։ Սակայն, ըստ վերլուծաբանի, Բաքվի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները այժմ կարգավորված են, և բիզնես շահերը՝ ռեսուրսների և առևտրային ուղիների շեշտադրմամբ, դուրս են մղել ժողովրդավարական օրակարգը։