Իշխանության կողմից Կաթողիկոսի դեմ հարձակումը՝ որպես ընդդիմադիր դաշտի կոլապսի ռազմավարություն

Հայաստանի ներկա քաղաքական իրողությունների համատեքստում իշխանության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու և նրա առաջնորդի՝ Վեհափառի դեմ տարվող գործընթացը պետք է դիտարկել ոչ թե որպես մեկ անձի դեմ ուղղված հարձակում, այլ որպես ընդդիմադիր քաղաքական դաշտի վերջնական ապամոնտաժման ստրատեգիական հաշվարկ։

Իշխանության նպատակը ոչ միայն ընդդիմությանը հաղթելն է, այլ նրա գոյության հիմքը՝ ընդդիմադիր պահպանողականությունը՝ ոչնչացնելը։ Քանի դեռ Վեհափառը Մայր Աթոռի գլխին է, Հայաստանում ընդդիմադիր պահպանողական ընտրողը ունի իր արժեքային հղման կետը, իր ինքնության հենարանը և իր արժեքային համակարգը։ Իշխանությունը հասկանում է, որ նման դաշտի առկայության դեպքում Փաշինյանը չի կարող դառնալ պայմանական ասած «ընդհանուր ազգի թեկնածու» կամ պինդ լեգիտիմությամբ առաջնորդ, որովհետև հասարակության առնվազն կեսից ավելին իրեն տեսնում է այլ իրեն օտար արժեքային համակարգի մեջ։

Այդ պատճառով էլ իշխանությունը իր ամբողջ ռեպրեսիվ և նարատիվ ուժը կենտրոնացրել է ՀԱԵ-ի, Վեհափառի և քաղաքական դաշտի վերաինժեներացման վրա։ Եթե իշխանությանը հաջողվի հեռացնել Վեհափառին, ապա Հայաստանի քաղաքական պահպանողական քարտեզը կկորցնի իր վերջին ծանրության կենտրոնը ընտրություններից առաջ։ Այդ պահից ողջ քաղաքական դաշտը կդառնա միաբևեռ՝ միակ և բացարձակ կենտրոնով՝ Փաշինյանի իշխանությամբ։

Սա ոչ թե մարտավարական, այլ ստրատեգիական և էլեկտորալ հաշվարկ է։ Իշխանությունը ուզում է մի միջավայր, որտեղ ոչ մի ընդդիմադիր պահպանողական արժեքային դիմադրություն չի մնա, որտեղ ազգային ինքնության կրողները ոչնչացված են և պարտությամբ ապալեգիտիմացված։ Այդպիսի պայմաններում ընտրությունները կդառնան ձևականության, որտեղ պայքար չկա, այլ կա հնազանդության պարտադրանք։

Վեհափառի հեռացումը կազդարարի ընդդիմադիր պահպանողական ամբողջ բլոկի նախընտրական ֆիասկոն՝ մինչ ընտրարշավի մեկնարկը։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը կմտնեն ընտրարշավ խոցված, ինստիտուցիոնալ հենազուրկ և խորհրդանիշազրկված վիճակում։ Ընդդիմադիր կուսակցությունների ցանկացած նարատիվ կկորցնի լեգիտիմության բազան, որովհետև դաշտի հիմնական արժեքային կրողը պարտված կլինի։

Այսինքն՝ Վեհափառի պարտությունը ոչ միայն քաղաքական, այլ քաղաքակրթական պարտություն է, որը դուռ է բացում միաբևեռ իշխանության երկարացման համար։ Այն նշանակում է, որ Հայաստանի քաղաքական դաշտն այլևս չի լինի բազմակենտրոն, մրցակցային և արժեքային։ Այն կդառնա միակենտրոն կառավարման տարածք, որտեղ իշխանությունը մտնում է ընտրարշավ ոչ թե հաղթելու, այլ՝ արդեն հաղթած։

Սա է պատճառը, որ Վեհափառի դեմ տարվող գործընթացը չի կարելի դիտել որպես մեկ անձի դեմ հարձակում։ Դա Հայաստանի ընդդիմադիր պահպանողական քաղաքական համակարգի և մոդելի վերջնական ապամոնտաժումն է։