Իշխանության կազմակերպած «հյուրախաղերը» կամ խմբագրված պատարագները ոչ մի արդյունք չեն տալիս

Իշխանության կողմից կազմակերպված «հյուրախաղերը» կամ խմբագրված պատարագները, որոնք նպատակ ունեն ստեղծելու համազգային շարժում Կաթողիկոսի և Սուրբ Եկեղեցու դեմ, ակնհայտորեն ոչ մի արդյունք չեն տալիս։ Ժողովուրդը դրանց վերաբերվում է կամ ճնշող մեծամասնությամբ անտարբերությամբ, կամ նողկանքով։

Իրականում, այս արտագնա շոուների նպատակը հուսահատ փորձ է մարզերում հավաքագրել «ուղղահավատ գրոհայինների» ջոկատներ։ Դրանք պետք է առաջին հարմար առիթով գնան գրոհելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ ստեղծելու «նորացնելու» համաժողովրդական պատվերի պատրանք։

Ամենուր նույն պատկերն է։ Տեղացիներից կեղծ պատարագների այցելում են միայն Փաշինյանի մոլի երկրպագուները, որոնց թիվը ոչ մի տեղ չի անցնում մի քանի տասնյակից։ Գումարած մի քանի պակասամիտներ, որոնք նետվում են դեպի վարչապետը՝ նրա հետ լուսանկարվելու համար, և մի քանի պարապ-սարապներ, որոնք պարզապես ժամանած «կրկեսը» դիտելու են հավաքվում։ Ահա և տեղի ողջ հանդիսատեսը։ Իսկ հոծազանգվածն ապահովվում է մի քանի հարյուր գլուխաքանակ կազմող հյուրախաղային սովորական համակազմով՝ նիկոլական նոր կրոնի հետևորդ դարձած մայրաքաղաքային «շրջմոլիկների» անփոփոխ հաստիքայիններով։ Անվտանգության ծառայություն, ոստիկանություն, նախարարներ ու ՔՊ-ական պատգամավորներ։

Վերջիններիս թթված երեսներին հեշտ է կարդալ մտովի լուտանքները անդադրում շեֆի հասցեին, որը թույլ չի տալիս քնել կիրակի օրով՝ շաբաթօրյա բուռն զեղումներից հետո։ Իբր, ինչո՞ւ ենք մենք, գրողը տանի, առավոտ կանուխ շրջում ծայրամասային եկեղեցիներով ու ճանճ բռնում բազմաժամյա միապաղաղ պատարագներ լսելով։ Մենք, իբր, առանց այդ էլ հաստիքացուցակով պայքարում ենք քո ատելի Կաթողիկոսի դեմ սոցցանցերում գրառումներով և ուղիղ եթերներով։ Զրպարտում ենք նրան՝ աշխարհի ստերը վրան լցնելով… Ինչո՞ւ ենք ուղղահավատ քրիստոնյաներ ձևանում, եթե երբեք այդպիսին չենք եղել, իսկ հիմա առավել ևս թքած ունենք հավատքի վրա։

Այս ամբողջ ընկերախումբը, որին վարչապետի ողորմածությունից զրկվելու սպառնալիքով քշում են կեղծ պատարագների, հաստատ սև նախանձ է տածում Արսեն Թորոսյանի հանդեպ։ Ժամանակին այդ ճարպիկը հասցրեց այնպես գովազդել իր աթեիզմը, որ նույնիսկ Նիկոլն է անհարմար զգում իր հետ քարշ տալ նրան վանքերով։ Խելացի պահեց իրեն, ինչ խոսք, և ժամանակին գլուխը պրծացրեց։ Մինչդեռ մնացածները վրիպեցին, լինելով բնավ ոչ պակաս աթեիստներ, քան Թորոսյանը, կամ, լավագույն դեպքում, անկեղծորեն ընկալելով Աստծո տաճարը որպես մի վայր, որտեղ մոմ են վառում և դրանով իսկ հարստացնում նույն այդ ատելի Կաթողիկոսին։

Իսկ հիմա փաշինյանական նախարարներն ու պատգամավորները ստիպված են ձանձրալի կեղծ պատարագներում ուսումնասիրել եկեղեցում վարքագծի հիմունքները և խորանալ ծիսակարգի խորհուրդների մեջ՝ ձևանալով քրիստոնեական հավատքի ջերմեռանդ հետևորդներ։ Այսպես է հրահանգել դիվահար շեֆը՝ ծանոթանալով սոցցանցերի իրական հավատացյալ օգտատերերի հեգնալից արձագանքներին, որոնք ծիծաղի առարկա են դարձրել «բարեպաշտ» նիկոլական հոտին՝ տգիտության ու եկեղեցական էթիկայի տարրական նորմերի չիմացության պատճառով։

Չէ որ «հյուրախաղերի» առաջին օրը՝ Հովհաննավանքում, նախարարներից ու պատգամավորներից շատերը չգիտեին, օրինակ, թե ինչպես ճիշտ խաչակնքել, ինչպես հաղորդություն ընդունել, խոնարհվել և այլն։ Իսկ նախարարուհիներն ու պատգամավորուհիները՝ է՛լ ավելի վատթար, եկեղեցում հայտնվեցին գլխաբաց, թունդ շպարված ու այնպես զուգված-զարդարված, ասես պարահանդեսի էին եկել։

Թեպետ, այս ամենը ոչինչ չարժե։ Որքան էլ վարչապետը ջանա քրիստոնեության հավատարիմ հետևորդների համայնք սարքել իր շրջապատից, որքան էլ նրան հաջողվի հետզհետե հղկել ու ողորկել եկեղեցական վարքականոնի հմտություններն իր շքախմբում, ժողովուրդը գիտի, որ կեղծ պատարագները, եթե անգամ դրանք անթերի լինեն դերասանական վարպետության տեսանկյունից, հաճո չեն Աստծուն, որ այդ ամենի հետևում քաղաքական մանիպուլյացիա է թաքնված, իսկ «թագավորը մերկ է»։ Բալագանի հյուրախաղերը Գյումրիում հերթական անգամ ապացուցեցին դա։