Եպիսկոպոսաց դասը կոչ է արել դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները

Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքի արդյունքներով տարածված հայտարարության մեջ հայտնի է դարձել, որ եպիսկոպոսները խորը մտահոգություն են հայտնում Հայաստանում եկեղեցի-պետություն հարաբերությունների անցանկալի ներկա կացության առնչությամբ։

Հայտարարությունը ստորագրվել է 25 եպիսկոպոսի կողմից՝ ներառելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Երուսաղեմի Հայոց պատրիարքության և Կ․Պոլսի Հայոց պատրիարքության ներկայացուցիչներին։ Այս հայտարարությանը միացել է նաև Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, որը նախկինում աջակցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը՝ ուղղված եկեղեցու բարենորոգմանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների ելքը Հայաստանից արգելափակվել է քրեական անհիմն հետապնդման պատճառով։ Սա խոչընդոտել է նրանց մասնակցությունը Եպիսկոպոսաց հավաքին, որը կաթողիկոսի համար կարևոր նշանակություն ունեցող միջոցառում էր։ Հավաքի մասնակիցները հարկադրված են եղել դիտարկել կաթողիկոսի հայրապետական պատգամը տեսակապի միջոցով։

Եպիսկոպոսները կոչ են արել ՀՀ իշխանություններին դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը։ Նրանք առաջարկում են խարսխել եկեղեցի-պետություն հարաբերությունները փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա։

Հայտարարությունում հորդորվում է վերջ դնել շինծու մեղադրանքներով և զրպարտություններով եկեղեցականների և կաթողիկոսի նկատմամբ բռնաճնշումներին, ազատ արձակել կալանավորված չորս սրբազանին, քահանային և եկեղեցուն աջակցող հայորդիներին։ Նրանք պահանջում են, որ իշխանությունները գործեն բացառապես ՀՀ սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը։

Եպիսկոպոսաց դասը նշել է, որ առկա խնդիրները պետք է լուծել երկխոսության ոգով, առանց նախապայմանների և անհեռանկար վերջնագրային խոսույթի։ Նրանք հորդորել են խոտորյալ ութ սրբազանին գործել Սուրբ Էջմիածնի, կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի և ծառայական կոչման գիտակցությամբ, իսկ ներեկեղեցական խնդիրները լուծել բացառապես եկեղեցու լիազոր ատյաններում։

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել էր քրեական գործ վեհափառի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման (Գևորգ) Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Այս դեպքի հետևանքով կաթողիկոսի ելքը Հայաստանից արգելվել էր։