Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և Արդշինբանկը սկսել են համագործակցության նոր փուլ՝ ստորագրելով 100 միլիոն եվրոյի գումարի վարկային համաձայնագիր։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի խթանելու Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրությունների (ՄՓՄՁ) և միջին կապիտալով աշխատող ընկերությունների ֆինանսական հասանելիությունը։
Այս գործարքը ԵՆԲ-ի և Արդշինբանկի միջև առաջին ուղղակի գործընկերությունն է։ Այն ուղղված է աջակցելու արտադրողական ներդրումներին, ամրապնդելու երկարաժամկետ մրցունակությունը և խթանելու աշխատատեղերի ստեղծումը։
Ծրագրի շրջանակում Արդշինբանկը կտրամադրի վարկային ռեսուրսներ հայկական ընկերություններին, որոնք ձգտում են արդիականացնել իրենց գործունեությունը, ընդլայնել արտադրական հզորությունները, ներդնել նոր տեխնոլոգիաներ կամ բարձրացնել մրցունակությունը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում։ Ֆինանսավորման մի մասը կուղղվի կանաչ վարկավորմանը՝ էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և այլ էկոլոգիապես կայուն ներդրումների աջակցման համար։
Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ 2025 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի և ԵՆԲ ներկայացուցիչ Մարիոն Հոենիկեի մասնակցությամբ։ Միջոցառմանը ԵՄ անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան նշել է, որ այս համագործակցությունը հայաստանյան ՄՓՄՁ-ներին կնպաստի ներդրումներ կատարելու, հարմարվելու և դիմադրողականություն ամրապնդելու համար։
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ ծրագիրը նպաստում է, որպեսզի հայկական ՄՓՄՁ-ները ստանան այն ֆինանսական ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են վստահությամբ զարգանալու, աշխատատեղեր ստեղծելու և ներդրումներ կատարելու ավելի կանաչ ու կայուն տեխնոլոգիաներում։
Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը նշել է, որ բանկը նպատակ ունի ապահովելու երկարաժամկետ ֆինանսավորում այն բիզնեսների համար, որոնք շարժիչ ուժ են երկրի տնտեսական աճի, նորարարության և զբաղվածության համար։
Ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ ծրագիրը կաջակցի մոտ 300 ձեռնարկատիրությունների և կապահովի ավելի քան 10 000 աշխատատեղ։