Եկեղեցու դեմ ձեռք բարձրացնողը փլատակների տակ է մնալու

Այս արտահայտությունը այլևս պարզապես մտաբերություն չէ, այլ այն հիմնարար ճշմարտություն, որը պետք է հասկանա յուրաքանչյուր հայ։ Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները չի կարելի անվանել պարզապես «միջամտություն»։ Սա բացահայտ պատերազմի հայտարարություն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ազգային ինքնության և պետականության հիմքերի դեմ։

Այս պատերազմի սկիզբը դրվել է 2026 թ. հունվարի 4-6-ի ընթացքում, երբ Նիկոլ Փաշինյանի և մի խումբ դավաճան հոգևորականների կողմից բեմադրվեց այսպես կոչված «Համակարգող խորհրդի» ստեղծման թատերական ներկայացումը։ Սա ոչ այլ ինչ է, քան հակականոնական և հակասահմանադրական հեղաշրջման փորձ եկեղեցու ներսում։ Փորձ է արվում գլխատել Հայոց Եկեղեցին, զրոյացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ինստիտուտը և եկեղեցին վերածել կառավարությանը կից պարզապես «գրասենյակի»։

Այս գործողությունները ոտնձգություն են դարավոր սրբությունների դեմ, որոնք հղի են ազգային պառակտման և եղբայրասպան բախումների անդառնալի վտանգով։ Դատապարտում եմ իշխանության այս ցինիզմը, անընդունելի և անբարոյական ենք համարում պետության ղեկավարի այն հայտարարությունները, որոնք քաղաքացիներին դրդում են դեմ իրենց հավատի և եկեղեցու։