Արդշինբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրեցին ավելի քան 155 մլն դոլարի արժողությամբ վարկային պայմանագրեր

Հայաստանում Եվրամիության դեսպանատան և երկու հեղինակավոր ֆինանսական հաստատությունների՝ Արդշինբանկի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը խորացել է՝ նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը։ Նոյեմբերի 26-ին կայացած արարողության ընթացքում կնքվեցին երեք նոր պայմանագրեր, որոնց ընդհանուր ֆինանսավորման չափը կազմում է ավելի քան 155 միլիոն ԱՄՆ դոլար։

Այս միջոցները կուղղվեն երեք հիմնական ուղղություններով՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՁ) վարկավորմանը, կանաչ տնտեսության ֆինանսավորմանը և ենթակառուցվածքների զարգացմանը։

Այս ֆինանսավորումը իրականացվում է «EU4BUSINESS–EBRD» վարկային ծրագրի շրջանակում։ Արդշինբանկը կդառնա Հայաստանի առաջին բանկը, որը կստանա հատուկ նպատակային վարկ՝ ուղղված բացառապես տեղահանված անձանց տնտեսական ինտեգրմանը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի ֆինանսական հասանելիությունը բարելավելու տեղական ՄՓՁ-ների համար, որոնք պատկանում են փախստականներին կամ ստեղծում են աշխատատեղեր նրանց համար։ Վարկառուները կօգտվեն նաև վարկի գումարի մինչև 35%-ի չափով դրամաշնորհից՝ ապահովելով ավելի ճկուն և հասանելի պայմաններ։

Բանկը նաև միանալով ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման (GEFF) ծրագրին, կուղղի ստացված միջոցները տնտեսության ամենաարդիական ոլորտներից մեկի՝ կանաչ տնտեսության ֆինանսավորմանը։ Այս ծրագիրը նպատակ ունի նվազեցնել կլիմայական փոփոխությունների մարտահրավերները և խթանել ժամանակակից, էներգաարդյունավետ նախագծերի իրականացումը Հայաստանում։

«ՎԶԵԲ-ի հետ մեր երկարամյա և ամուր համագործակցությունը վկայում է մեր ընդհանուր տեսլականի և փոխվստահության մասին՝ ուղղված տնտեսության կարևորագույն ոլորտների զարգացմանը»,- իր խոսքում նշեց Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը։

ՎԶԵԲ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին նշեց, որ այս նոր ֆինանսավորումը շարունակում է Բանկի երկարամյա աջակցությունը Հայաստանի ՄՓՁ-ներին՝ նպաստելով նոր ներդրումների աճին և արդիականացմանը։ Նա նաև ընդգծեց, որ առաջին անգամ է նախատեսվում բացառապես փախստականներին նպատակային աջակցություն նախատեսող բաղադրիչը։

Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը նշեց, որ այս համագործակցությունը վերահաստատում է ԵՄ-ի առաքելությունը՝ աջակցելու Հայաստանի կայուն և ներառական զարգացմանը։

Արդշինբանկը, որը ֆինանսական համակարգի առաջատարն է, մասնաճյուղային ամենամեծ ցանցն ունի և մոտ 580,000 հաճախորդների բազա, շարունակում է իրականացնել կարևորագույն դերակատարում՝ մասնավոր հատվածի զարգացման գործում։ Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է։