Արդշինբանկը կրկին դարձել է Հայաստանի խոշորագույն հարկատուն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2025 թվականի 9 ամիսների արդյունքներով հրապարակված տվյալների համաձայն՝ Արդշինբանկը կրկին գլխավորել է հայաստանյան բանկերի շարքը՝ դառնալով ուղղակի հարկերի գծով խոշորագույն հարկատուն։ Բանկի կողմից պետբյուջե վճարված ուղղակի հարկերի գումարը կազմել է 32.3 մլրդ դրամ։

Ընդհանուր հարկային մուտքերի հաշվին, որը ներառում է 2 մլրդ դրամ անուղղակի հարկեր և այլ հարկային վճարներ, Արդշինբանկի ընդհանուր հարկային վճարները հասել են 34.3 մլրդ դրամի։ Այս գումարի մեջ ներառված է նաև 2.4 մլրդ դրամ հարկային մուտքեր Արդշինինվեստբանկից, որը 2025 թվականի ապրիլի 21-ից միացել է Արդշինբանկին։

Այսպիսով, Արդշինբանկը նաև առաջինն է հայաստանյան բանկերի շարքում ընդհանուր հարկային մուտքերով։ Բանկի կողմից բյուջեի հատկացումները տարեկան կտրվածքով 4 անգամ են աճել, ինչի արդյունքում բանկը բարձրացել է 24-րդ հորիզոնականից մինչև 5-րդը և ընդգրկվել Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների լավագույն 5-յակում։

«Ուրախ ենք արձանագրել, որ բանկի հաճախորդամետ և թափանցիկ գործունեության ապահովման ճանապարհին շարունակում ենք աճ ապահովել՝ այդպիսով հավատարիմ մնալով Հայաստանի տնտեսության աճին և կայունությանը մեր նվիրվածությանը», — ասել է բանկի Ֆինանսական տնօրեն Գարեգին Գևորգյանը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ Արդշինբանկն ապահովել է պետբյուջե կատարվող վճարումների զգալի աճ՝ թե՛ շահութահարկի, թե՛ եկամտային հարկի գծով։ Բանկի կողմից բյուջե կատարված փոխանցումներից 25.7 մլրդ դրամը վճարվել է շահութահարկի, իսկ 6.6 մլրդ դրամը՝ եկամտահարկի գծով։ Շահութահարկի գծով փոխանցումները պետական գանձարան Արդշինբանկը տարեկան կտրվածքով ավելացրել է 7 անգամ, իսկ եկամտահարկի գծով փոխանցումները՝ 2 անգամ։

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է, որն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը և ծառայում է շուրջ 570.000 հաճախորդի։ Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ՝ աշխարհի երեք առաջատար վարկանիշային ընկերությունների կողմից։