Իմ վերջին գրառումը, որը նախատեսված էր որպես մեկնաբանություն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից կատարված վիճակագրական սխալի, արագորեն վերածվեց ավելի լայն խնդրի վերաբերյալ մտորումների։
Ինչպես հայտնի է, 2026 թվականի հունվարի 15-ի կառավարության նիստում Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ ապահովագրության շրջանակում առողջապահական հիմնարկներ է այցելել 87 048 քաղաքացի, որոնցից 8 612-ը՝ հիվանդանոցային այցեր են իրականացրել։ Թվերի հանրային կարևորության և հնարավոր հետևանքների պատճառով՝ «Առողջության իրավունք» ՀԿ-ի կողմից մենք պաշտոնապես դիմել էինք Առողջապահության նախարարությանը՝ պահանջելով պարզաբանել, թե ինչ բնույթի ծառայություն կամ այց են ստացել մնացած 70 697 քաղաքացիները, որոնք չեն դասվում ոչ ամբուլատոր, ոչ հիվանդանոցային այցերի շարքին։
Այս պարզ հարցին պատասխանելու համար նախարարությունը խնդրել է մեկ ամիս ժամանակ՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է «ուսումնասիրել թվերը»։ Սակայն, այս «խորը մասնագիտական վերլուծության» արդյունքում պարզ դարձավ, որ նախարարը պարզապես շփոթվել էր։
Իրավիճակի ամենաաբսուրդային կողմը Ազգային ժողովում նույն հարցին տրված պատասխանն էր։ Անահիտ Ավանեսյանը լուրջ դեմքով հայտարարեց, որ կան նաև այլ ծառայություններ՝ ցերեկային ստացիոնար, շտապ բուժօգնության կանչեր և այլն, և նույնիսկ փորձեց հարցը ներկայացնել որպես անտեղի ու անհասկանալի։
Այս իրադարձությունների շարքը ցույց է տալիս ոչ թե առանձին անձի սխալը, այլ ավելի լայն համակարգային խնդիր։ Պետական կառավարման այս մոդելում կառավարության նիստերում ներկայացվում են սխալ թվեր, նախարարությունը մեկ ամիս «ուսումնասիրում է» սեփական նախարարի խոսքը, իսկ ԱԺ-ում նույն նախարարը պնդում է, որ ամեն ինչ ճիշտ է, պարզապես պատգամավորներն են «սխալ հարցեր տալիս»։
Սա այլևս ոչ թե վիճակագրական սխալ է, այլ պետական կառավարման լուրջ խնդիր։ Որպեսզի հասկանանք, թե ինչպես է աշխատում մեր առողջապահական համակարգը, պետք է հստակ իմացել, թե ովքե՞ր են ստանում ծառայություններ, թե՞ ոչ։ Թվերը պետք է համապատասխանեն իրականությանը, իսկ հակասությունները՝ բացատրվեն պատասխանատու մոտեցմամբ, ոչ թե ինքնավստահ հեգնանքով։
Առողջապահությունը փորձարարական հարթակ չէ, որտեղ կարելի է «շփոթել»։ Հանրությունը պարտավոր չէ հաշտվել «շփոթվել եմ»-ի հետ։ Այս պարզ փաստը պետք է դառնա մեր պահանջը։