Ալիևի հայտարարությունները Ջեյ Դի Վենսի հետ հանդիպումից հետո ավելի շատ հարցեր են առաջացրել

Իլհամ Ալիևի հայտարարությունները, որոնք նա արել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպումից հետո, ավելի շատ հարցեր են առաջացրել Բաքվում ապօրինի դատապարտված հայ ռազմագերիների հարցի վերաբերյալ։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ Ալիևը հայտնել է, որ հայ գերիների թեման քննարկվել է, սակայն Ադրբեջանը պարզապես ներկայացրել է իր դիրքորոշումը։

Պատգամավորի կարծիքով՝ այս հայտարարությունը կարող է վկայել երկու հիմնական փաստի մասին։ Կարող է լինել, որ այդ թեման լուրջ քննարկման առարկա չի եղել, և ԱՄՆ փոխնախագահը դրան անդրադարձել է միայն ձևականորեն։ Կամ էլ, ինչը ավելի հավանական է, տարբեր պաշտոնատար անձանց միջև գոյություն ունի կամ եղել է որոշակի պայմանավորվածություն՝ «այդ թեման զգուշորեն շրջանցելու» վերաբերյալ։

Աբրահամյանը նշել է, որ Ալիևի հայտարարությունները զարմանք են առաջացնում, քանի որ Ադրբեջանի ղեկավարը, ըստ էության, ցույց է տվել, որ գերիների թեման առաջնային քննարկման առարկա չի եղել։ Նման հարցի շրջանցումը բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպման ընթացքում, նրա կարծիքով, հնարավոր չէր լինել, եթե թեման իսկապես առաջնահերթ լիներ։

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ սա ևս մեկ վկայություն է այն մասին, որ Հայաստանի իշխանությունների համար գերիների հարցը չի եղել առաջնահերթություն, այն հրատապություն չի ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում և դրա վրա պատշաճ ուշադրություն չի կենտրոնացվել։

«Ըստ էության, սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը քննարկման է հանում իր համար կարևոր հարցերը և դրանցով հասնում լուծումների, մինչդեռ Հայաստանի համար նշանակություն ունեցող դրույթների վերաբերյալ գործնականում բովանդակային քննարկումներ տեղի չեն ունենում»,- ընդգծել է Աբրահամյանը։